ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԿԻՆ, ԿԻՆՈ, ԿԱՆԱՑԻ ԻՆՔՆԱՐՏԱՀԱՅՏՈՒՄ

ԿԻՆ, ԿԻՆՈ, ԿԱՆԱՑԻ ԻՆՔՆԱՐՏԱՀԱՅՏՈՒՄ
09.12.2011 | 00:00

Դեկտեմբերի 1-5-ին Երևանում անցկացվեց «Կին» միջազգային 8-րդ կինոփառատոնը` 16 երկրների ներկայացրած 52 ֆիլմերի ցուցադրությամբ: Փառատոնը կազմակերպում է «Լիզա» հիմնադրամը` ՀՀ մշակույթի նախարարության, ԱՄՆ-ի և Կանադայի դեսպանատների, Գյոթեի ինստիտուտի աջակցությամբ:
Փառատոնի բացման արարողությանը ներկա ԱՄՆ դեսպանատան մշակութային բաժնի ղեկավար Շոն Օհարան, կարևորելով կին կինոգործիչների ինքնարտահայտման հնարավորությունը «Կին» կինոփառատոնի շրջանակներում, մասնավորապես ասաց. «ԱՄՆ դեսպանատունն աջակցություն է ցուցաբերում կանանց և նրանց գործունեությանը թե՛ ԱՄՆ-ում, թե՛ նրա սահմաններից դուրս: Մենք հատկապես հետաքրքրված ենք աջակցելու կանանց գործունեությանը և նրանց ինքնարտահայտմանը ֆիլմի միջոցով, քանի որ ֆիլմը հաղորդակցության հզոր միջոց է: Կինոն, փաստորեն, հնարավորություն է տալիս արտահայտելու այն խնդիրները, որոնք բոլորիս համար շատ կարևոր են»:
Փառատոնի տնօրեն Մարիամ Օհանյանի հայտարարությամբ բացվեց կինոփառատոնը` Լիտվան ներկայացնող Ա. Ցիլինսկայի «Արդյոք հե՞շտ է… 20 տարի անց» վավերագրական ֆիլմով, որը կինոդահլիճում նստած շատերին տարավ խորհրդային ժամանակների հորձանուտը և այնտեղից ուղղորդեց դեպի իրական ներկա:
Փառատոնի օրերին ցուցադրվեց Ցվետանա Պասկալևայի «Կյանքի սիմֆոնիա» քնարական վավերագրությունը` նվիրված կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի կյանքի անդավաճան ուղեկցուհուն` երաժշտագետ Իրինա Տիգրանովային:
Ներկայացված մրցութային ֆիլմերից զատ, կինոսիրողները ռետրոսպեկտիվ ցուցադրությամբ դիտեցին լիտվացի վավերագրող Յանինա Լապինսկայտեի ֆիլմերը: Վերջինս փառատոնի այս տարվա հյուրերից էր: Հյուրերի թվում էին նաև Անդրեա Վինկը (Գերմանիա), Դեբրա Ցիտերմանը, Թրեյսի Հոլդերը (ԱՄՆ), Մորան Փելեդը (Իսրայել), Չիեկո Յամագամին (Ճապոնիա):
Փառատոնյան ծրագրում ընդգրկված էին նաև վարպետության դասեր, որոնք վարեցին «Կանայք ֆիլմեր են նկարահանում» ամերիկյան կազմակերպության ներկայացուցիչները:
Փառատոնի ժյուրին «Լավագույն ֆիլմ» անվանակարգում մրցանակը հանձնեց իսպանացի ռեժիսոր Ջ. Գրաելի «Օդեոն: Կանգ առած ժամանակը» ֆիլմին: Փառատոնի «Հատուկ մրցանակին» արժանացավ Ա. Արևշատյանի «Հավասարակշռություն» ֆիլմը (Հայաստան): Դիպլոմներ շնորհվեցին չորս ֆիլմի` «Միանձնուհին» (ռեժ.` Գ. Ադամովիչ, Բելառուս), «Ցրված սկլերոզի ստվերը» (ռեժ.` Զ. Նիյազի, Իրան), «Ձյունահողմ» (ռեժ.` Ք. Օխապկինա, Ռուսաստան), «Երբ անձրևում է» (ռեժ.` Լ. Լոբաթո, Իսպանիա):
Փառատոնի շրջանակներում այս տարի ներառվել էր ակնահաճո մի նորույթ. հագուստի և արդուզարդի դիզայներ Էվելինա Եղիազարյանը Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ճեմասրահում ներկայացրել էր իր աշխատանքները, որոնք, կինոարվեստին զուգահեռ, հագուրդ էին տալիս երևանյան և արտասահմանյան արվեստասերների գեղագիտական քաղցին:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1744

Մեկնաբանություններ